ՀՀ ՆԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցող ակցիաների մասին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարություններին։
ՆԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը:
Շիրղոլամինը մեղադրել էր հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու մեջ։ «Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև մի խումբ մարդիկ հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած էինք ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են։ Այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ ասացի»,- նշել էր նա։
ՆԳՆ-ից մանրամասնել են, որ ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ Իրանի դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։
ՆԳՆ-ից շեշտել են, որ շարունակելու են խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։ Ըստ ՆԳՆ-ի՝ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։





































