Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը հայտնվել է կալանքի տակ՝ «մեր ձևով» արտահայտության համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ղուկասյանին և անհետ կորած զինծառայողի հարազատ Ապիջան Սարգսյանին ձերբակալել էին հոկտեմբերի 6-ին՝ սեպտեմբերի 29-ին անհետ կորածների ծնողների և ՊՆ ու ռազմական ոստիկանության աշխատակիցների միջև ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի միջադեպի համար։ Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
Ըստ թերթի՝ Ղուկասյանը ՊՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ ասել էր, որ կա՛մ իրենց կընդունեն նախարարությունից, «կա՛մ մենք մեր ձևով կանենք»։
Թերթը հիշեցրել է, որ նման արտահայտության հիման վրա հունիսի 18-ին կալանավորվել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 27-ին և 29-ին փակել էին ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ։ Սեպտեմբերի 29-ին գերատեսչության շենքի մոտ միջադեպ էր տեղի ունեցել ծնողների և ոստիկանների միջև, երբ, ծնողներին հայտնել էին, որ հանդիպումը միայն փոխնախարար Արման Սարգսյանի հետ է լինելու, չնայած նրանց պահանջին՝ հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանին։




































