ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է սպորտային ակումբի կողմից չհայտարարագրված 8,6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ տեղեկություններ են ստացվել, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում: Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցնում է իրական իրացման շրջանառությունը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ, սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ: Պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8,6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2,3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348,6 մլն դրամը։ Իրականացվում են վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։




































