«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանները «իրավական ամենաթողություն» են անվանել գործարարի ձերբակալության դեմ վերաքննիչ բողոքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նրանց տեղեկություններով՝ այսօր Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել պաշտպանական կողմի նախկինում հետ վերցված բողոքը։
Փաստաբանական խմբի հայտարարության մեջ նշվում է, որ Կարապետյանի կալանավորումից հետո պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ, որը մակագրվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Այդ պատճառով Կարապետյանի պաշտպանական թիմը հունիսի 23-ին բողոքը հետ վերցնելու միջնորդություն է ներկայացրել։ Սակայն, ըստ փաստաբանների, դատավորն ու դատախազությունն ամեն ինչ արել են, որպեսզի բողոքը քննի հենց դատավոր Դանիելյանը:
Նշվում է, որ Դանիելյանը, պարտավոր լինելով անհապաղ կարճել վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել:
«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև սահմանել է նոր նշաձող իրավունքի սահմանազանցման՝ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել՝ ևս վարույթ է ընդունվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաբանները հավելել են, որ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:
«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի, պետական մարմինների վարքագիծը՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայությունը»,- հավելել է փաստաբանական խումբը:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Դրանից հետո գործարարի երևանյան տանը խուզարկություններ էին անցկացվել, իսկ մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարդացեք նաև՝
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է
Վստահ եմ՝ ՔՊ-ում կան պարկեշտներ, որոնց խորհուրդ եմ տալիս չդառնալ ազգի նզովյալներ․ Կարապետյան
Իշխանությունները հասան կետի, որում ՀՀ-ն Սփյուռքից զրո ներդրում ունի․ Սամվել Կարապետյան