Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել, հայտնել են ՄԻՊ-ից։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք և վեճ էր տեղի ունեցել։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի այլ անձ, որոնք, ենթադրաբար, թաղապետարանի աշխատակիցներն են, ըստ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի, հայհոյել ու հարվածել էին ակտիվիստ Արթուր Չախոյանին, որին ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշվում է, որ պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Չախոյանի փաստաբանների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Միաժամանակ, պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ միջադեպի առնչությամբ 6 ձերբակալված կա։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով: Նա ցանկացել էր թաղապետի հետ քննարկել իր բնակության վայրի հարևանությամբ 18 հարկանի բնակելի շենք կառուցելու անթույլատրելիությունը։ Չախոյանին ասվել էր, որ հանդիպումը հնարավոր է միայն առանց տեսախցիկների, ինչին ակտիվիստը համաձայնել էր։ Այնուհետև սկսվել էր ծեծկռտուքը: