ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ, հայտնել է Սիմոնյանը սոցցանցում:
Ըստ «Դատալեքս»-ի՝ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։
Սիմոնյանի դեմ ներկայացված հայցով Քոչարյանը պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել։
«Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու։ Ներկայումս ցանկանում եմ ներողություն խնդրել Քոչարյանից և հայտնում եմ, որ նրա հասցեին նախկինում հնչեցրածս արտահայտություններն իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք են, ինչի համար զղջում եմ»,- ասված է հայցում։
Քոչարյանը պահանջել է նաև, որ Սիմոնյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի ու հրապարակայնորեն հերքի ֆեյսբուքյան էջում նախկինում «շպիոն» և «անգրագետ» արտահայտությունները, ինչպես նաև վճարի 6 միլիոն դրամ զրպարտության և հավելյալ 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար:
Կառավարության հունիսի 5-ի նիստին Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Էլի, հազար ներողություն, դուրս են գալիս տակից-գլխից խոսում են, որոշ կաշառակերներ, և չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Քոչարյանի մասին է»: