Ոստիկանությունը բացահայտել է կիբեռհափշտակությունների շղթա և դրանց իրականացման փոխկապակցված սխեմաներ, հայտնել է ՆԳՆ-ն։
Իրավապահների տեղեկություններով՝ ենթադրյալ հանցավոր խումբն Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում աշխատել է մասնագիտացված համակարգչային տեխնիկայով և հատուկ մշակված ծրագրային ապահովմամբ, ինչը հնարավորություն է տվել իրականացնել զանգերի անօրինական տերմինացիա և համակարգչային տվյալների հափշտակություններ։
Խուզարկություններից հետո ՆԳՆ-ն քայլեր է ձեռնարկել ստեղծված համակարգի գործարկման մեջ հնարավոր ներգրավվածություն ունեցող անձանց շրջանակը և պատճառված վնասի հստակ չափը պարզելու ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է 2025թ. միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։
Մարտի 9-ին ՆԳՆ-ն խոշորամասշտաբ հանցավոր խմբավորում էր բացահայտել։
Կարդացեք նաև՝

























