Չորս տարի առաջ 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենայի վարորդի՝ Արամ Նավասարդյանի պատիժը դատարանն անփոփոխ է թողել, Armenia Today-ին հայտնել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա տեղեկացրել է, որ դատարանը որոշումը կայացրել է իրենց կողմից հունվարին ներկայացրած բողոքի առնչությամբ։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակության հիմքում պատժի խստացման պահանջն էր, քանի որ Նավասարդյանին 1 տարի 6 ամսով ազատազրկելը բավարար չեն համարում։
Փաստաբանի փոխանցմամբ՝ բողոք էր ներկայացրել նաև Նավասարդյանի պաշտպանական կողմը՝ պահանջելով նրան արդարացնել։ Ասլանյանը նշել է, որ տուժող կողմը դժգոհ է դատարանի այսօրվա որոշումից, և պատրաստվում է Վճռաբեք բողոք ներկայացնել։
«Պատիժն ակնհայտ մեղմ է ու անհամաչափ»,- հավելել է փաստաբանը։
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։
Ըստ մեղադրանքի՝ վրաերթի ենթարկելուց հետո Նավասարդյանը թողել էր դեպքի վայրը և հեռացել։ 2024-ի դեկտեմբերին դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։ 2025-ի օգոստոսին Նավասարդյանին 1 տարի 6 ամսով ազատազրկման էին ենթարկել։
Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մնացականյանի վրաերթի դեպքով որևէ պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ սովորական քաղաքացու նման «ավտոբուսի» ուղևոր էր։
























