Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել, նախնական տվյալներով՝ կա 18 տուժած, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։ ՆԳՆ-ից հավելել են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոբուսը տեղափոխել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Կայքը հավելել է, որ վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։
«Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության: Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը»,- հավելել են նախարարությունից։
Նյութը թարմացվել է 17։07-ին։






































