Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմը մեկ տարի աշխատավարձ չի ստացել, ինչի պատճառով հաշմանդամ բուժառուների բուժումները կիսատ են մնալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար գործադուլ են անում ամիսներով կուտակված պարտքերի պատճառով, իսկ բուժաշխատողներից շատերն արդեն հեռացել են աշխատանքից։
Բուժառուների փոխանցմամբ՝ ստեղծված վիճակի պատճառով տուժում են հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր վճարել են բուժման համար, սակայն չեն ստանում պատշաճ սպասարկում։
«Բոլոր հիվանդների անունից եմ խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնան, բայց 300 000 գումար են վճարել»,- պատմել է աղբյուրը լրատվականին։
Ըստ թերթի՝ կենտրոնի տնօրեն Լևոն Սարգսյանը, փաստացի․ անհասանելի է անձնակազմի և լրատվամիջոցների համար։ Թերթին չի հաջողվել կապ հաստատել ինստիտուտի աշխատակազմի հետ։




































