Հայաստանում գների աճը որոշ ապրանքատեսակների համար կազմել է 4-7%: Նվազագույն սպառողական զամբյուղն արդեն գերազանցում է 80 000 դրամը, իսկ նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է:
Հասկանալու համար, թե մարդիկ իրականում ինչպե՞ս են գնահատում իրենց ֆինանսական վիճակն ու կյանքի թանկացումը, Armenia Today-ը մայրաքաղաքում հարցում է անցկացրել։ Տարբեր տարիքի քաղաքացիներից փորձել ենք պարզել, թե այսօր ի՞նչ գնողունակություն ունեն, արդյոք նրանց եկամուտները բավարարո՞ւմ են հիմնական կարիքները հոգալու համար և ինչի՞ վրա են ստիպված տնտեսել։
Հարցման մասնակիցների մի մասի կարծիքով՝ 10 000 դրամով շատ քիչ սնունդ կարելի է գնել և ապրել մի քանի օր։
«Երշիկ, հաց, պանիր, էժան երշիկների դեպքում՝ 2 օր։ Աշխատավարձը դեռևս բավարարում, բայց կյանքը թանկացել է»,- ասել է քաղաքացիներից մեկը։
«Ոչ մի բանի վրա չենք տնտեսում, թոշակը քիչ է, բայց բավարարում է, անիմաստ բաների վրա շատ չենք ծախսում»,- նշել է մեկ ուրիշը։
Քաղաքացիներից մի քանիսն էլ պատասխանել են, որ 10 000 դրամով կարող են ապրելի մինչև 10 օր՝ գումար խնայելով սննդի վրա։
«5-6 օր կապրեմ։ Կարող եմ այնպիսի մթերք գնել, որ բավարարի, կամ միս գնել ու ապրել 2-3 օր։ Առանց հացի 3 օր միս կուտեմ»,- հավելել է հարցման մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։

























