Հայաստանի խորհրդարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման մասին երկրի իշխանությունների հայտարարությունների ֆոնին կքննարկի փոփոխություններ, որոնք նախատեսում են ժամանակավոր կառավարչի նշանակում և սեփականության օտարում էներգետիկայի ոլորտում:
«Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունները նախաձեռնել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և ընդգրկել հուլիսի 1-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի անունն օրինագծերում չի նշվում:
Մասնավորապես, փոփոխություններով նախատեսվում է, որ էներգետիկ համակարգի անվտանգության կամ հուսալիության վտանգի առաջացման, սպառողների իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման դեպքում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համապատասխան հաղորդումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պետք է վարչական վարույթ հարուցի էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձի նկատմամբ:
Դրանից հետո հանձնաժողովը կարող է որոշում ընդունել միջոցներ կիրառելու, այդ թվում՝ ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին, որին կփոխանցվեն էներգետիկայի ոլորտում լիցենզավորված անձի գործադիր մարմնի կառավարման բոլոր լիազորությունները:
Օպերատորի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում կառավարությունն ընկերության բաժնետերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը և գույքը: Այդ դեպքում կառավարությունը երեք ամսվա ընթացքում արտոնյալ իրավունք կունենա նշված գույքը ձեռք բերելու համար։
Հունիսի 26-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստով հավանություն տալ ընկերության պետականացմանը։
Փաշինյանը ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին հայտարարել էր, երբ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները: Կարապետյանի հայտարարություններից հետո նրա տանը խուզարկություններ էին կատարվել։ Հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին խախտումների համար 10 մլն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին։ Կարապետյանին, ում ընկերությունը ՀԷՑ-ը գնելուց ի վեր շուրջ 700 մլն դոլար է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրել էր ժողովրդին վնաս հասցնելու և դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։
Կարդացեք նաև՝