Իսպանիայի հեղինակավոր El País պարբերականը պատմել է Մադրիդում բացված հայկական միջնադարյան ձեռագրերի ցուցահանդեսի մասին, որն անցկացվում է Իսպանիայի ազգային գրադարանում և ներառում է Մատենադարանի հավաքածուից VIII–XVIII դարերի հայկական ձեռագրային մշակույթի եզակի նմուշներ:
Պարբերականը նշել է, որ ներկայացվել են Մատենադարանի հավաքածուից VIII–XVIII դարերի հայկական ձեռագրեր, այդ թվում՝ 11 կանոնագիրք և 3 հմայիլ։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տեսնել ավելի քան հազար տարվա հայկական մշակույթի պատմությունը՝ մանրանկարների, Ավետարանների, Աստվածաշնչերի և հմայիլների միջոցով։ Հրապարակման համաձայն՝ հայկական մշակույթում ձեռագրային մատյանները հանդիսացել են ոչ միայն գիտելիքի փոխանցման միջոց, այլև ազգային ինքնության պահպանման կարևոր հենարան ու հոգևոր կյանքի մաս։
El País-ն ուշադրություն է դարձնում, որ ցուցադրված ձեռագրերը կրոնական նշանակությունից բացի արտացոլում են նաև փիլիսոփայության, բժշկության, աստղագիտության և իրավունքի մասին պատկերացումներ։ Այդ պատճառով դրանք, ըստ հոդվածի, կարելի է դիտարկել որպես հայկական քաղաքակրթության բազմաշերտ վկայություններ։
Հրապարակման մեջ նշվում է նաև հայկական մանրանկարների բարձր գեղարվեստական արժեքը. Կիլիկիայի, Վասպուրականի և Ղրիմի տարածաշրջանային դպրոցներում ստեղծված նկարները տարբերվում են հագեցած գունային հագեցվածությամբ և արտահայտիչ ոճով։
El País-ն ուշադրություն է դարձնում նաև, որ ձեռագրերից շատերը գրվել են միգրացիայի, առևտրի կամ աքսորի պայմաններում, ինչն արտացոլվել է դրանց բովանդակության և ոճային առանձնահատկությունների վրա։ Սա ընդգծում է Հայաստանի դերը՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև մշակույթների խաչմերուկ։
Առանձին նշվել է Մատենադարանի նշանակությունը՝ որպես աշխարհի խոշորագույն ձեռագրերի ֆոնդերից մեկը, որտեղ պահվում է հայերենով և այլ լեզուներով մոտ 23 հազար ձեռագիր, իսկ կից ինստիտուտն իրականացնում է արխիվի, թանգարանի, գրադարանի և գիտական կենտրոնի գործառույթներ։
Մադրիդում ներկայացված ցուցանմուշներից որոշներն առաջին անգամ են լքել Հայաստանը, այդ թվում՝ VIII–IX դարերի կրկնագիր մագաղաթը և XVIII դարի իսպաներենից հայերեն թարգմանված ձեռագիրը, ինչը խորհրդանշում է երկու երկրների միջև վաղեմի մշակութային կապերը։
Ամենագնահատելի ցուցանմուշներից է 1306 թվականի ձեռագիրը, որը վերջերս վերականգնվել էր Մատենադարանի մասնագետների կողմից։





































