Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպմանը չի թաքցրել ժամկետային զինծառության ժամկետը կրճատելու նախագծի ռիսկայնությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Օրակարգի գլխավոր հարցը, համաձայն պարբերականի, հանդիսացել է զինծառայության ժամկետը 2 տարուց 18 ամիս դարձնելը, որի հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու: Խոսքը, ըստ իշխանական հաշվարկի, մոտ 10 հազարի մասին է, հավելել է թերթը: Սակայն, նախարարը, ըստ նույն աղբյուրի, վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ՝ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։
Բանակին վերաբերող այլ նախագծեր ևս հպանցիկ քննարկվել են։ Մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։
Մամուլը հոկտեմբերի 28-ին գրել էր, որ Գլխավոր շտաբի մեծամասնությունը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի: Թերթը նշել էր, որ իշխանությունները, սակայն, որոշել են նախագիծը հրատապ կարգով ընդունել:
Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին օրինագիծ էր առաջարկել, որով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև 18 ամիս։ Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։






































