AntiFake.am-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց՝ հայտարարելով, որ «Իմնեմիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը քաղաքական դրդապատճառներ ունի։
Նրանք իրենց ձեռքում պահել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին» և «Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին» գրառումներով պաստառներ։
Ըստ կայքի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանի՝ Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանքի 23-րդ օրը համընկել է խմբագրության գործունեությունը կաթվածահար անելու փորձերի հետ, երբ իրավապահներն առգրավել էին նրանց գույքը։ Նրա խոսքով՝ գույքի միայն մի մասն է վերադարձվել խմբագրությանը։
AntiFake.am-ի ներկայացուցիչները Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի նամակը հանձնել են ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նա նախկինում նմանատիպ նամակ էր ուղարկել ԱՄՆ դեսպանատուն։ Ըստ խմբագրության՝ դեռևս արձագանք չեն ստացել։
«Այսօր արդեն ԵՄ դեսպանության մոտ ենք, որպեսզի Մարագոսին ևս ներկայացնենք Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների մասին»,- նշել են կայքի աշխատակիցները։
Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել միջազգային կազմակերպությունների հնարավոր արձագանքի վերաբերյալ՝ հիմնվելով նախորդ անգամ քրեական գործի հարուցումից հետո ստացված արձագանքների վրա։ Այդ ժամանակ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական լրագրողների ֆեդերացիան և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Սամսոնյանի և Սաղաթելյանի ձերբակալությունները համարել էին անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով լի։
«Այս պահի դրությամբ՝ դեռևս որևէ արձագանք չկա, ընդ որում՝ ուզում եմ նաև հիշեցնել, որ այդ գործով երկուսն էլ արդարացվել էին, գոյություն ուներ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վերդիկտ, որը հիմա գտնվում է վերաքննության փուլում»,- շեշտել է Մաթևոսյանը։
Իր հերթին՝ Սամսոնյանի կինը հայտարարել է, որ «եվրոպական կառույցների լռության և նրանց հովանավորության պատճառով այսօր Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ»։ Նա նշել է, որ ԵՄ դեսպանին ուղղված կոչը պետք է ոչ միայն հասնի իր հասցեատիրոջը, այլև «գրանցի տեղի ունեցողի պատմությունը»։
«Եթե ԵՄ-ն խոսում է խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության մասին, միթե նրանք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասել է Առաքելյանը՝ նշելով, որ մտադիր է շարունակել հրապարակային հայտարարություններ անել, քանի որ «լռությունն ընկալվում է որպես համաձայնություն»։
Նոյեմբերի 13-ին 2 ամսով կալանավորվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակները։ Նրանց ձերբակալել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին՝ «արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով։ Նոյեմբերի 15-ին նրան ազատ էին արձակել։ Նույն կասկածով ձերբակալվել և ազատ էր արձակվել նաև լրագրող Իշխան Խոսրովյանը։




































