Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, մանրամասնել են կոմիտեից:
Նոյեմբերի 27-ին ծեծի տեսանյութը համացանցում տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր՝ հայտնելով, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտները և այլ հասակակից տղաներ խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղայի։
Նոյեմբերի 28-ին դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։
«Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն»,- նշել է Մանասյանը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ բռնություն գործադրելու այս դեպքը մատնանշում է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Իրավաբան Դավիթ Թումասյանը գրել է, որ, իր տեղեկություններով, անչափահասին ծեծողներից մեկի հայրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանն է։
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ վերաքննիչ բողոք կներկայացնեն ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ։
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել դատախազությունում»,- հավելել են դատախազությունից:
Նյութը թարմացվել է 16։29-ին։






























