Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների թեմայով լսումներ անցկացնելու գաղափարի իրական հեղինակը ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նա հրաժարվել է անձամբ հանդես գալ այդ նախաձեռնությամբ, քանի որ իր կազմակերպած նախորդ լսումներն անցել էին լարված մթնոլորտում՝ հանգեցնելով Նարեկ Զեյնալյանի մանդատից հրաժարվելուն և ՔԿ ղեկավարի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Ներքին գործերի նախարարի, ԲԴԽ նախագահի ազատմանը։ Ուստի Քոչարյանը նախընտրել է գործընթացն իրականացնել պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջոցով, պարզաբանել է լրատվականը։
Բաքոյանը թերթին ի պատասխան՝ բացարձակ անհեթեթություն է որակել տեղեկությունը՝ նշելով, որ գաղափարն իրենն է, կազմակերպչական բոլոր աշխատանքները և հրավիրյալների ընտրությունն ինքն է իրականացրել։
Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարել էր, որ Կոստանյանը և Հարությունյանը գտնվում են հետախուզման մեջ։
2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։




































