Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ի որոշմամբ՝ դատարանը բավարարել է հատուկ վերանայման բողոքը՝ պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել:
Սարգսյանը հունիսի 1-ին այցելել էր Մարմաշենի վանական համալիր, որտեղ միջադեպ էր գրանցվել նրա մասնակցությամբ: Նա տեղի քահանա Տեր Փառենից բացատրություն էր պահանջել իր հայտարարության համար, թե թույլ չի տալու եկեղեցի մտնել «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին»:
«Որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի թույլ չեմ տալու նմանատիպ արտահայտություններ անող անձի մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով»,- գրել էր Տեր Փառենը սոցիալական ցանցում։
Հունիսի 2-ին փաստաբան Վահան Հովհաննիսյանը Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։






































