Թաիլանդը դադարեցրել է Կամբոջայի հետ վիճելի սահմանի վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը, քանի որ իր զինվորները վիրավորվել են ականի պայթյունից, հայտարարել է BBC-ն՝ հղում անելով պաշտոնական հայտարարություններին։
Պայթյունը տեղի է ունեցել Սիսակետ նահանգում, երբ զինվորները պարեկություն էին իրականացնում։ Մեկ զինվոր կորցրել է ոտքը, մի քանիսը վիրավորվել են։ Թաիլանդի վարչապետն աջակցել է Պաշտպանության նախարարության՝ համաձայնագիրը կասեցնելու որոշմանը և նշել, որ սպառնալիքի մակարդակը մնում է բարձր։ Այնուամենայնիվ, Կամբոջան վերահաստատել է իր հավատարմությունը համաձայնագրերին։
Համաձայնագիրն ստորագրվել էր հոկտեմբերին Մալայզիայում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, սակայն Բանգկոկը կտրականապես հրաժարվել է այն անվանել «խաղաղության պայմանագիր»՝ օգտագործելով «Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների համատեղ հռչակագիր Կուալա Լումպուրում կայացած հանդիպումից հետո» տերմինը։
Սահմանային վեճը տևում է ավելի քան մեկ դար և սկիզբ է առել ֆրանսիական գաղութային շրջանից։ Հուլիսին տեղի ունեցած վերջին սրացումը հանգեցրել էր ավելի քան 40 մարդու մահվան և սահմանամերձ շրջանների մոտ 300 000 բնակիչների տեղահանման։ Հոկտեմբերյան փաստաթուղթը նախատեսում էր ծանր զինամթերքի դուրսբերում, դիտորդական առաքելության ստեղծում և 18 կամբոջացի զինվորի ազատ արձակում, սակայն այդ դրույթները դեռևս չեն իրականացվել։






































