Փարիզում տասը մարդ կկանգնի դատարանի առաջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերհարձակման մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Agence France Presse-ին։
«Ութ տղամարդ և երկու կին երկուշաբթի և երեքշաբթի օրերին Փարիզի քրեական դատարանում կդատվեն Բրիջիտ Մակրոնի նկատմամբ սեքսիստական կիբերհարձակման համար»,- նշվում է հոդվածում։
Գործակալությունը պարզաբանել է, որ դատավարությունը կապված է Ֆրանսիայի առաջին տիկնոջ սեռի և սեռական կողմնորոշման, ինչպես նաև նրա և իր ամուսնու միջև տարիքային տարբերության վերաբերյալ բազմաթիվ առցանց հայտարարությունների հետ, որոնք մեկնաբանները հավասարեցնում են մանկապղծության հետ։
Մեղադրյալների թվում են գրող Օրելիեն Պուարսոն-Ատլանը, որը հայտնի է Զոե Սագան կեղծանունով և Ամանդին Ռուան (իրական անունը՝ Դելֆին Ժեգյուս), որի YouTube-յան ալիքում լրագրող Նատաշա Ռեյը մեղադրանքներ էր ներկայացրել Բրիջիտ Մակրոնի սեռի վերաբերյալ։
Գործակալությունը հիշեցնում է, որ հետաքննությունն սկսվել էր, երբ նախագահի կինը 2024 թվականի օգոստոսին բողոք էր ներկայացրել։ Հայտնի չէ՝ նա կմասնակցի՞ դատավարությանը, թե՞ ոչ։ Մեղադրյալները կարող են մինչև երկու տարվա ազատազրկման դատապարտվել։
Ֆրանսիայի առաջին տիկնոջ սեռական պատկանելության մասին լուրերը բազմիցս դարձել են համացանցում հրապարակումների պատճառ։ Թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսի՝ Բրիջիտ Մակրոնի մասին նկարահանած վավերագրական ֆիլմից հետո, ինչը նոր քննարկումների ալիք է բարձրացրել և ստիպել է նախագահական զույգին նրա դեմ զրպարտության համար դատական հայց ներկայացնել։
Լրագրողը պնդում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինն արական սեռի ներկայացուցիչ է ծնվել՝ Ժան-Միշել Տրոնյո անունով։ Փաստաբան Թոմ Քլերը հայտարարել էր, որ Մակրոնները պատրաստ են ԱՄՆ դատարանին ներկայացնել լուսանկարներ և «գիտական» ապացույցներ, որոնք հաստատում են, որ Բրիջիտն իգական սեռին է պատկանում։






































