Չեչնիայում «բացատրական զրույցներ» կանցկացվեն այն կանանց հետ, ովքեր չեն ցանկանա գլխաշոր կրել, ըստ RBC-ի՝ ասել է հանրապետության ղեկավարի օգնական և երիտասարդության գործերով առաջին փոխնախարար Ամիր Սուգաիպովը:
Նրա համոզմամբ՝ չեչեն կանայք պետք է գլխաշոր կրեն, քանի որ այդպես նրանք «ավելի գեղեցիկ և արժանապատիվ են» երևում:
«Շատ աղջիկներ, ովքեր արձակում են մազերը և դուրս են գալիս առանց գլխաշորի, կարծում են, թե այդպես ավելի գեղեցիկ են։ Բայց դա այդպես չէ։ Էսթետիկայի, կրոնի, չեչենական ադաթների, ավանդույթների և սովորույթների տեսանկյունից ծածկած գլխով աղջիկն ավելի արժանապատիվ և գեղեցիկ տեսք ունի։ Եվ ես հիմա խոսում եմ ոչ թե հիջաբի, այլ սովորական գլխաշորի կամ գոնե շղարշի մասին՝ պարզ, համեստ տարր, որը ցույց է տալիս հարգանք մշակույթի և ավանդույթների հանդեպ»,- ասել է Սուգաիպովը։
Նրանց հետ, ովքեր չեն ցանկանա հետևի այս «առաջարկությանը», զրույց կանցկացվի, ըստ երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի օգնականի` դրանք կկրեն բացատրական բնույթ։ Այդ անձնական զրույցները կարող են լինել նաև նման աղջիկների ծնողների հետ:
Սուգաիպովը հավելել է, որ նման զրույցներ արդեն անցկացվել են այն մարդկանց հետ, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակել էին ոչ պատշաճ բովանդակություն։
«Բոլորն ամեն ինչ հասկացան և ջնջեցին հրապարակումները»,- ասել է նա։
Հուլիսին Սուգաիպովը հայտարարել էր, որ հանրապետությունում անհրաժեշտ է գրանցել մոդելային ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաև կանանց հագուստի խանութների և գեղեցկության սրահների սեփականատերերին։ Մի քանի շաբաթ անց Գրոզնիում փակվել էին կանանց հագուստի մի շարք խանութներ՝ Սուգաիպովի այցից հետո։ Պաշտոնյան դժգոհել էր ոչ թե հագուստի տեսականուց, այլ նրանից, թե ինչպես էր այն գովազդվում․ մոդելների նկարահանումը տարբեր անկյուններից և դանդաղ շարժն, ըստ նրա, «մարմնի ցուցադրություն» էր ենթադրում, այլ ոչ թե հագուստի։ Նա խոստացել էր, որ թերությունները վերացնելուց հետո խանութները կրկին կբացվեն։





































