Գյումրիում ձերբակալվել և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ է ներկայացվել 23 անձ, Armenia Today-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցների ակցիային։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ից նշել են, որ Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնց խոչընդոտել են մի խումբ անձինք։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք «կատարել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, ինչը զուգորդվել է գույք ոչնչացնելով, բռնություն գործադրելով՝ նաև ոստիկանների նկատմամբ»։
Քաղաքացիների նկատմամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով-խմբ․) հատկանիշներով:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձում էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Armenia Today-ին «Մեր ձևով» շարժումից տեղեկացրել էին, որ Մխիթարյանին բերման են ենթարկել, երբ նա փորձել է կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ




























