Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի տնօրեն Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արքեպիսկոպոսը Փաշինյանին է փոխանցել նաև կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները ևս փոխանցել Արամ Ա-ին։
Արքեպիսկոպոսը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։
Զրուցակիցները քննարկել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հարցեր։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում:





































