Ազգային ժողովում վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով խորհրդարանում իր աղբյուրներին:
Ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար վերցրել էր գերատեսչություններին ծառայող մեքենաները և կրճատել դրանք, ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազել էին, նշել է պարբերականը: Հիմա, ըստ թերթի, երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, հետևաբար՝ որոշել են հերթով օգտվել ծառայողական մեքենայից։
Լրատվականը հավելել է, որ նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, տեղափոխում աշխատանքի, մյուս ամիս` մյուսին: Օրինակ՝ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան «կիսում» է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ, պարզել է օրաթերթը։
2024 թվականի դեկտեմբերին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու ծրագրերի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո մի շարք պաշտոնյաների զգուշացրել էին, որ ստիպված են լինելու ոտքով աշխատանքի գնալ։





































