Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Կինոյի շենքի» խաչմերուկում կրակոցների հետևանքով վիրավորվել է 3 մարդ, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի՝ հրազենային և կտրած-ծակած վերքերով։ Վիրավորներն են՝ Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Խանամիր Հ.-ն, 34-ամյա Անդրանիկ Վ.-ն և 39-ամյա Վահե Վ.-ն։ Բոլորն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և դեռևս ի վիճակի չեն բացատրություն տալու։
Իրավապահների նախնական տվյալներով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ, երբ մի խումբ անձինք միմյանց հետ վիճաբանել են՝ ցուցաբերելով բացահայտ ագրեսիա և հասարակության հանդեպ արհամարհական վերաբերմունք։ Վեճի ընթացքում հնչել են հայհոյանքներ ու կրակոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս և ատրճանակ։ Հաշվի առնելով դեպքի բնույթը՝ ձևավորվել է քննչական խումբ, նախաձեռնվել է քրեական վարույթ։






































