«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնք որևէ անձնական կապ ունեն նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ աշխատանքն ստանձնելուց հետո նա իր մոտ է կանչել կենտրոնական ապարատի աշխատակիցներին և հետաքրքրվել, թե ի՞նչն է իրենց կապում Ղազինյանի հետ:
Լրատվականի տեղեկությամբ՝ նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության մասին, զրկվել են աշխատանքից, ինչի պատճառով շատ աշխատակիցներ թաքցրել են իրենց մտերմությունը Ղազինյանի հետ՝ պահպանելով աշխատանքը։
Օգոստոսի վերջին տված ասուլիսի ժամանակ Ղազինյանը հայտարարել էր, որ այդ պաշտոնում Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 45-50 աշխատակցի են հեռացրել։
ՀԷՑ-ի շուրջ գործընթացները մեկնարկել էին, երբ հուլիսի 4-ին «Տաշիր» ընկերության խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ում ընկերությանը պատկանում է ՀԷՑ-ը, հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը




































