Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, հայտնում են Դատախազությունից։ Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։
«Վնասը պատճառվել է Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով»,- հայտնում են գերատեսչությունից:
Դատարանը հիմնավոր է համարել Պողոսյանի կողմից երկու պայմանագրի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել հայցը:
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2024թ. հունվարին պահանջ էր ներկայացրել դատարանին՝ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել խոշոր չափի գումար։





































