Թուրքիայում թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարի գործողության շրջանակում ձերբակալվել է շոու բիզնեսի 19 հայտնի ներկայացուցիչ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք՝ ցուցմունք տալու նպատակով։
Նրանց թվում է երգչուհի Հադիսեն, որը 2009թ․ Մոսկվայում կայացած «Եվրատեսիլում» զբաղեցրել էր չորրորդ տեղը, երգչուհի Իրեմ Դերիջին, դերասանուհիներ Բերրակ Թյուզյունաթաչը, Դեմեթ Էվգարը և Դերեն Տալուն, «Միսս Թուրքիա 2004» մրցույթի մասնակից Բիրջե Ակալայը։ Ձերբակալվածների թվում են նաև բլոգեր Դիլան Փոլաթը և նրա ամուսինը՝ Էնգին Փոլաթը։
Հաղորդվում է, որ արտիստների ձերբակալման օրդեր չի տրվել, և նրանք կազատվեն փորձաքննությունից հետո։
Թուրքիայում թմրամիջոցների օգտագործումն ամբողջությամբ արգելված է։ Այդ դրույթն ամրագրված է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածում։ Թմրամիջոցների օգտագործման կամ պահման համար նախատեսված է 2-5 տարվա ազատազրկում, իսկ դրանց տարածման համար՝ մինչև 20 տարի։




































