G7-ի երկրների («Մեծ յոթնյակի») արտաքին գործերի նախարարներն աջակցել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը և կոչ արել ուղիղ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանը «չի կատարել իր պարտավորությունները» 2015 թվականի միջուկային համաձայնագրով։ Այս առումով «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը և կոչ են արել «ՄԱԿ-ի բոլոր անդամներին լիովին կատարել և պահպանել այդ պատժամիջոցները և այլ սահմանափակումները»։
Նրանք նաև հորդորել են վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների մուտքն Իրանի միջուկային օբյեկտներ։
«Իրանին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած էսկալացիոն գործողությունից, անհապաղ ուղիղ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ և ցույց տալ առաջընթաց ատոմային զենքի չտարածման մասին իր պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ»,- նշել են նախարարները։
Սեպտեմբերի 27-ին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնվել էին «Եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում գործարկված պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կանխող բանաձևը։ Սեպտեմբերի 27-ին Թեհրանը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում իր դեսպաններին։




































