Արագածոտնի թեմի մամլո դիվանը «կեղծ, անհիմն և բամբասանք» է անվանել Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, ուր նա նշել էր եկեղեցու խնդիրների մասին։
Նա հայտարարել էր, որ «այլևս չի կարող լռել խնդիրների մասին, քանի որ այդ լռությունն իրեն մղում է հանցագործության»։ Տեր Արամը նաև նշել էր, որ հանդիպել է կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ու տպավորություն ունի, որ Վեհափառն իրեն «փաշինյանական» է համարում և «որոշակի քաղաքական հարցեր է լուծում»:
«Սեպտեմբերի 16-ին քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր օգտագործել Տեր Հորն իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց»,- հայտարարել են թեմում։
Տեր Արամը հարցազրույցում հայտարարել էր, թե եկեղեցու և իր խնդիրներն առաջացել են 2021 թվականից հետո, երբ զանգ է ստացել վարչապետի տիկին Աննա Հակոբյանից, որը նրան տնօրհնեք անցկացնելու հրավեր է փոխանցել: Ըստ հոգևորականի՝ ինքն այդ զանգի ու հրավերի մասին տեղեկացրել է իր վերադասին, ապա ստացել թույլտվություն, սակայն դրանից հետո անվստահություն է սկսվել իր նկատմամբ, ինչը շարունակվել է 2024-ից հետո, երբ Հակոբյանը 42 կանանց հետ այցելել է Հովհաննավանք, խնդրել վանքի պատմությունը ներկայացնել: Դրանից հետո են, ըստ Տեր Արամի, սկսվել տարաձայնությունները:
Արձագանքելով քահանայի հայտարարությունների՝ թեմում հավելել են, որ «եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածասիրության ոգին:
«Սրան զուգահեռ՝ եկեղեցականներն առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ` եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից»,- նշել է թեմը։
Սեպտեմբերի 1-ին Տեր Արամը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին։ Սեպտեմբերի 2-ին նոր գրառմամբ տեղեկացրել էր, որ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով, անանուն ճնշումներով և սպառնալից ակնարկներով փորձել են իրեն լռեցնել։ Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Տեր Արամի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին։
Մայիսի 29-ից Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։




































