ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Կուսակցությունում, սակայն, թերթի հաղորդմամբ, վստահ են, որ նրանք ընտրվելու են, հետևաբար՝ Փաշինյանի կադրերն ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ Սիմոնյանն ու Ավինյանը հնարավորինս քիչ ձայն ստանան։
Որքան մոտենում է իշխող կուսակցության սեպտեմբերի 20-ի համագումարը, այնքան ՔՊ ներկայացուցիչները լարված ու նյարդային են դառնում, քանի որ թերթի պնդմամբ՝ համագումարին ընտրված նոր վարչության անդամներն ապահովագրելու են իրենց հաջորդ ընտրությունների ցուցակում կայուն տեղն ու պաշտոնը։
Սեպտեմբերի 16-ին մամուլը գրել էր, որ նախընտրական շրջանում ցածր վարկանիշի պայմաններում Փաշինյանը «ռուսներին գոհացնելու համար որոշել է զոհաբերել» ԱԺ նախագահին։
Հուլիսին Ավինյանը թիմակիցների շրջանակում պարզաբանել էր, որ չի ցանկանում որևէ կերպ մասնակցել կաթողիկոսի դեմ արշավին՝ դա համարելով անթույլատրելի։ Սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ավինյանը հայտարարել էր, որ իր և Փաշինյանի հարաբերությունների լարված լինելը իրականությանը չի համապատասխանում։




































