Հիվանդությունների վերահսկան և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտնում է շան կծելու հետևանքով 1,5 տարեկան երեխայի տուժելու մասին:
ՀՎԿԱԿ-ի Արարատի մասնաճյուղը սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացել Արտաշատ բժշկական կենտրոնից Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Նշվում է, որ երեխան տեղափոխվել է ԲԿ «ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով: Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:
Ազգային կենտրոնը քաղաքացիներին զգուշացում է, որ անկախ այն հանգամանքից, թե շունը տան, բակի, թե հարևանինն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը, իսկ վերջինս առանձնահատուկ բուժում չունի:
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բուժօգնության, պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների, կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին, չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի, կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում օգոստոսին արձանագրվել էր 2,5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդությունից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դեպքին, զգոնության կոչ է արել:
«Այս տարվա ընթացքում ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: <> Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով: Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքը անխուսափելի է», - գրել է նա Ֆեյսբուքում:





































