«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մմեծ մասն աշխատում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կուսակցության վարչության անդամ չդառնա, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նախարարի շուրջ մեծ լարվածություն ու դժգոհություն կա, ինչի պատճառով ամեն գնով ցանկանում են խոչընդոտել նրա ներկայությունը ՔՊ-ում: Ըստ ՔՊ անդամների՝ Ավանեսյանն իրենց հետ որևէ ձևով չի պայքարել հեղափոխության օրերին, շատ պասիվ էր և ՔՊ վերնախավում լինելու իրավունք չունի:
Ավանեսյանն, իր հերթին, ակտիվ քարոզչություն է անում հօգուտ իրեն, մասնակցում է ՔՊ նախաձեռնող նիստերին և բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատմել է լրատվականը։
2024 թվականի նոյեմբերին մամուլը գրել էր, որ Փաշինյանն աշխատանքից կազատի Առողջապահության նախարարին, սակայն Ավանեսյանը լրագրողներին հերքել էր այդ տեղեկությունը։ Նույն տարվա մայիսին նախարարի խոսնակն Armenia Today-ին հերքել էր նախարարի հրաժարականի լուրը։





































