Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ պատրաստվում է բանակցել հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր վերադարձի շուրջ։ Այդ մասին նա նշել է Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Մխիթարյանի հետ հաճախ ենք շփվում։ Ես իր հետ խոսել եմ նաև այսօր, բայց չեմ կարող ասել ինչ։ Կարծում եմ՝ անպայման պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել իր հետ»,- հավելել է Մելիքյանը։
Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, որ դեռ չգիտի Մխիթարյանի կարծիքը վերադարձի վերաբերյալ։
2022 թվականի մարտի 3-ին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 2023-ին նա պաշտպանել էր Արաս Օսբիլիսի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում՝ հակադրվելով ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Փետրվարի 4-ին, խոսելով ֆեդերացիայի հետ իր հարաբերությունների և հավաքականից հեռանալու պատճառների մասին, Մխիթարյանը հայտարարել էր, որ «կգա մի օր, երբ բոլորը կիմանան ճշմարտությունը»։
ԿԳՄՍՆ-ն Մխիթարյանին ճանաչել էր 2024-ին Հայաստանը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնող մարզիկ։ Մխիթարյանը, սակայն, չէր ներկայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 2024-ի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը։






































