ՀՀ պաշտպանության նախարարությունն օրինագիծ է առաջարկել, որով նախատեսվում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը՝ ներկայիս 24 ամսից մինչև 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Համապատասխան օրենքի նախագիծը, որը նախատեսում է փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում տեղադրված է e-draft հարթակում։
Նշվում է, որ եթե նախագիծն ընդունվի, այն չի տարածվի 2026 թվականի հուլիսի 1-ից զինված ուժերում ծառայող զինվորների վրա։
Հիմնավորման մեջ ասվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու անհրաժեշտությամբ, ինչպես ամրագրված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Վերջինս նախատեսում է ծառայության տևողության կրճատում՝ պայմանագրային զինծառայողների թվի աճի պատճառով:
Նշվում է, որ վերջին տարիներին արդյունավետ քայլեր են ձեռնարկվել պայմանագրային ծառայության ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը, զինծառայողների հավաստագրումը, ինչպես նաև սահմանային ստորաբաժանումներում պայմանագրային ծառայության կազմակերպումը՝ կենսաթոշակների պահպանմամբ։
Շեշտվում է, որ այս միջոցառումների արդյունքները գնահատվում են դրական, դրանք հանգեցնում են պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և ընդլայնմանը, ինչի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել կրճատել պարտադիր ծառայության ժամկետը։


























