Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ֆինանսավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների առաջին հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հաջորդ շաբաթվա սկզբին Հայաստան կմեկնի Ալիջանի անցակետով։ ԶԼՄ-ները հավելել են, որ միջկառավարական պատվիրակությունների առաջին հանդիպմանը կարող են որոշումներ ընդունվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, պաշտոնյաները կարող են քննարկել նաև ավելի վաղ ընդունված որոշումների իրականացումը։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանն է, որը Քըլըչի հետ պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ Ռուբինյանը և Քըլըչը հանդիպել էին նաև 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:





































