Հայ հիմնադիրներ ունեցող, Լոս Անջելեսում հիմնված DeepSat ստարտափը հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ ուղղակի երկրորդ փուլի (Direct-to-Phase II) պայմանագիր կազմելու։
Պայմանագրի արժեքը կազմում է 1,25 միլիոն դոլար, որը հնարավորություն է տալիս DeepSat-ին արագ զարգացնել և փորձարկել իր երկակի օգտագործման արբանյակային համաստեղությունը՝ ապահովելու համար անընդհատ, իրական ժամանակում մոնիթորինգ: Նման կերպ DeepSat-ը կկարողանա արագորեն զարգացնել և փորձարկել իր Orion’s Belt արբանյակային համակարգը: Տեխնոլոգիան օգտագործում է արհեստական բանականություն՝ հետևելու և հայտնաբերելու շարժվող օբյեկտներ, օրինակ՝ նավե, մեքենաներ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ միջազգային աղբյուրների՝ բացօթյա ջրերի ավելի քան 75%-ում ձկնորսությունը մնում է չհսկված՝ ստեղծելով մթնոլորտ ապօրինի ձկնորսության, մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և ռազմական անօրինական գործողությունների համար։ DeepSat-ի համակարգն ուղղված է լրացնելու անվտանգության և շրջակա միջավայրի վերահսկման բացերը, հատկապես Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս։
«Մենք ոգևորված ենք օգնել լուծել աշխարհի ամենահրատապ անվտանգության մարտահրավերներից մեկը»,- նշել է DeepSat-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը։
Direct to Phase II SBIR մրցանակը շրջանցում է ավանդական առաջին փուլի փորձարկումները՝ «վկայելով վստահություն DeepSat-ի տեխնիկական պատրաստվածության, գործառնական պատրաստակամության և առաքելության վրա ազդեցության ներուժի նկատմամբ», նշում են ստարտափից։
DeepSat-ը զարգացնում է առաջադեմ արբանյակային համաստեղություն շատ ցածր ուղեծրում (VLEO)՝ համադրելով բարձր վերադիտման հաճախականությունը ուղեծրում գործող ԱԲ-ի հետ սենսորային ինտեգրման համար։ Հարթակը հնարավորություն է տալիս իրական ժամանակում, ԱԲ-ով հզորացված Երկրի հետախուզություն կարևոր առաքելությունների համար, ինչպիսիք են նավերի հայտնաբերումը, էներգետիկ ենթակառուցվածքների մոնիթորինգը և աղետների գնահատումը քաղաքացիական, առևտրային և պաշտպանական ոլորտներում։





































