Ռուս և ամերիկացի թենիսիստուհիներ ու վաղեմի մրցակիցներ Մարիա Շարապովայի և Սերենա Ուլիամսի միջև հայտնի հակամարտությունը կարծես ավարտվել է, այսօր Շարապովան Միջազգային թենիսի փառքի սրահ է ընդունվել, որտեղ նրան Ուիլիամսն է դիմավորել, հայտնել է RBC-ն։
Արարողության ժամանակ Ուիլյամսն ասել է, որ ռուս թենիսիստուհին կարող էր դառնալ իր քույրը, ինչից հետո Շարապովայի հայրը հուզվել է։ Աշխարհի նախկին առաջին համարն ընդունվել է թենիսի Փառքի սրահ իր կարիերայի ավարտից 4,5 տարի անց։
«Որքան շատ եմ ճանաչում նրան, այնքան ավելի եմ մտածում այն մասին, թե ընդհանուր ինչ ունենք և ինչ կարող ենք ունենալ ապագայում։ Կարծում եմ՝ նա կարող էր լինել իմ քույրը»,- ասել է նա։
Ուիլյամսը կատակել է նաև հարվածների ժամանակ Շարապովայի բնորոշ ու հայտնի ճիչերի մասին։
«Մեկուկես տասնամյակից ավելի, ամեն անգամ, երբ մենք բախվում էինք, մթնոլորտը փոխվում էր։ Լարվածությունն իրական էր, կրակը իրական էր, և, անկեղծ ասած, դա զգացվում էր, լսվում էր անգամ Մարիայի ճիչերում»,- ասել է նա։
Արարողությունը տեղի է ունեցել ամերիկյան Նյուպորտ քաղաքում։ Ռուս թենիսիստուհու հետ մեկտեղ այս պատիվը շնորհվել է նաև երկվորյակ եղբայրներ Բոբ և Մայք Բրայաններին, որոնք նախկինում գերիշխում էին զուգախաղերում։
Ուիլյամսի և Շարապովայի միջև մրցակցությունը տարիներ շարունակ գերիշխել է կանանց թենիսում։
«2004 թվականին, երբ Մարիան ընդամենը 17 տարեկան էր, նա ցնցեց աշխարհը՝ հաղթելով ինձ «Ուիմբլդոնի» եզրափակչում։ Մինչ օրս նա դա անվանում է իր կարիերայի գագաթնակետը։ Այսօր ես այդ պարտությունը համարում եմ ամենադժվարներից մեկը։ Այդ խաղը նրան ոչ միայն չեմպիոն, այլև աստղ դարձրեց և սկիզբ դրեց թենիսի ամենաքննարկվող և վիճահարույց մրցակցություններից մեկին»,- ասել է Ուիլիամսը։
Շարապովան, ի պատասխան, շնորհակալություն է հայտնել Ուիլյամսին։
«Նվեր է ունենալ մեկին, ով քեզ մոտիվացնում է նման բարձունքների հասնելու համար։ Եվ ես հավերժ շնորհակալ կլինեմ նրան՝ ինձ բացվելու հարցում օգնելու համար։ Մենք երկուսս էլ աշխարհում ամեն ինչից շատ ատում ենք պարտվելը և գիտենք, որ միմյանց համարում էինք գավաթի գլխավոր խոչընդոտը»,- նշել է ռուս մարզուհին։
Շարապովան և Ուիլյամսը միմյանց դեմ խաղացել են 22 անգամ։ Ռուս մարզուհին իր կարիերայի ընթացքում միայն երկու անգամ է հաղթել ամերիկուհուն՝ 2004 թվականի հուլիսին «Ուիմբլդոնում» և նույն թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած WTA կանանց առաջնությունում։
Լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ գրել են թենիսիստուհիների միջև լարված հարաբերությունների մասին։ Շարապովան և Ուիլյամսն ամեն կերպ հերքել են այս լուրերը, և իրենց հարաբերությունների վերաբերյալ հարցերին պատասխանել են դժկամությամբ։






































