ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը 2000-ականների սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Այս մասին են վկայում Կրեմլում կայացած բանակցությունների սղագրությունները, որոնք հրապարակել է Ազգային անվտանգության արխիվը, գրում է ՌԲԿ-ն։
Քլինթոնը Մոսկվայում պաշտոնական այցով էր 2000թ. հունիսի 3-5-ը, իսկ փաստաթուղթը թվագրված է հունիսի 4-ով։ Հանդիպմանը ներկա էին այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, դեսպան Ջեյմս Քոլինզը, ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովը, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը և այլք։
Քլինթոնն այդ ժամանակ հայտնել է, որ գոհ է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության վերականգնումից, ինչին ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ կողմերի միջև պետք է ձևավորվեն «լիարժեք հարաբերություններ», և աջակցել է Մոսկվայի անդամակցության գաղափարին, փաստում են արխիվի թղթերը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան չի ցանկանում, որ «ՆԱՏՕ-ն փոխարինի այլ համաձայնագրերին, որոնք գործում են 1945 թվականից»։
«Եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարողանան համակարգել իրենց գործողությունները ՄԱԿ-ում, մենք կհասնենք հաջողության։ Եթե չկարողանանք, մեզ սպասում է փակուղի»,- ասել է նա։
Քլինթոնը հայտարարել է, որ լուրջ է տրամադրված քննարկելու Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, թեև հասկանում է, որ «ներքին պատճառները» Ռուսաստանում առայժմ դա թույլ չեն տալիս, և շատ ռուսաստանցիների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքը բացասական ասոցիացիաներ է առաջացնում։ Քլինթոնի խոսքով՝ հենց ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի սկզբից նա հասկացել է, որ «սա կարող է դառնալ խնդիր Ռուսաստանի համար»։
«Ես լուրջ էի վերաբերվում այս հարցին և ցանկանում եմ, որ հստակ լինի․ ՆԱՏՕ-ի ընդլայնումը որևէ կերպ չի սպառնում Ռուսաստանին»,- ասված է 2000թ. հունիսի 5-ի փաստաթղթում:
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ այն որակելով որպես երկրի անվտանգության սպառնալիք։ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու ձգտումը Մոսկվան հայտարարում է ռազմական գործողությունների մեկնարկի պատճառներից մեկը։






































