Արտահերթ ընտրություններ չեն լինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ մոտ 3 ժամ տևած նիստում քննարկել են ընթացիկ քաղաքական զարգացումները, ինչպես նաև հերթական ընտրությունների հարցը։
«Հանրային կյանքում կա քննարկում արտահերթ ընտրությունների մասին։ Ի վերջո, որոշեցինք, որ ժողովուրդը քաղաքական ուժերին 5 տարով մանդատ է տվել, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, 5 տարին լրանա, և գնանք հերթական ընտրությունների»,- նշել է նա։
Պապոյանի խոսքով՝ նիստի ընթացքում չի քննարկվել եկեղեցու դեմ գործողությունների հարցը։
«Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չունենք»,- միաժամանակ ասել է նա։
Նախարարը պնդել է, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը ևս չեն քննարկել։
ՔՊ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին օգոստոսի 8-ից հետո և կուսակցության անելիքներին 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Ըստ ԶԼՄ-ների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցել է ընտրություններից առաջ տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի սկզբին հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։





































