Ալյասկայում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները՝ «3+3» ձևաչափով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում:
Հանդիպման սկզբում նախագահները մամուլի համար որևէ հայտարարություն չեն արել: Ֆոտոլրագրողներին մի քանի լուսանկարներ անելու թույլտվություն տալուց հետո առաջնորդները, նստած միմյանց դիմաց, անցել են բանակցություններին, որոնք անցկացվում են փակ դռների ետևում:
Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին ռուսական կողմից մասնակցում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը:
Նախագահներն արդեն հասցրել էին կարճ զրույց ունենալ Անքորիջի օդանավակայանում ինքնաթիռների թռիչքուղու մոտ տեղի ունեցած դիմավորման արարողության ժամանակ. Պուտինը և Թրամփը մի քանի խոսք են փոխանակել կարմիր գորգի վրա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ գագաթնաժողովը կարող է տևել ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ։ Նրա խոսքով՝ նախագահների հանդիպումից հետո բանակցություններ կանցկացվեն պատվիրակությունների շրջանակներում, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։
«Այնուհետև առաջնորդները որոշ ժամանակով կբաժանվեն, ապա կհանդիպեն համատեղ մամուլի ասուլիսի համար», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանը և Ուկրաինան մայիսին, հունիսին և հուլիսին անցկացրել էին բանակցությունների երեք փուլ։ Բացի դրանից, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները փետրվարից ի վեր ունեցել էին վեց հեռախոսազրույց, որոնք հիմնականում նվիրված էին հակամարտության կարգավորմանը։





































