«Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է «Մեր ձևով» շարժման ձևավորման և շուտով այն հանրությանը ներկայացնելու մասին։
«Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝ զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը»,- տեղեկացրել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ շարժման նպատակներից է նաև ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել Սուրբ եկեղեցին։
Կարապետյանն անդրադարձել է նաև օգոստոսի 14-ին իր կալանքը երկարաձգելու հարցով սպասվելիք դատական նիստին ու շեշտել, որ այն արդարադատությանն առնչվող ցուցիչ է դառնալու։
«Վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք»,- հավելել է գործարարը։
Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Օգոստոսին Կարապետյանի պաշտպանական թիմին է միացել Ամերիկացի փաստաբան և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որն իր վստահորդի կալանքը ժողովրդավարության սկզբունքներին և իրավունքի միջազգային նորմերին դեմ քաղաքական որոշում է անվանել։
Կարդացեք նաև՝




































