Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, բայց չի պլանավորում կառավարել այն, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Մենք չենք ուզում այն պահել։ Մենք ուզում ենք անվտանգության պարագիծ ունենալ։ Մենք չենք ուզում այն կառավարել։ Մենք չենք ուզում այնտեղ լինել որպես կառավարող մարմին», – նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թել Ավիվը ցանկանում է տարածքը հանձնել արաբական ուժերին, որոնք էլ կկառավարեն այն։
Գործակալությունը նշել է, որ Նեթանյահուն այս հայտարարությունն արել է օգոստոսի 7-ին նախատեսված Իսրայելի անվտանգության կաբինետի նիստից առաջ, որտեղ նախատեսվում է քննարկել Գազայի տարածքում վերահսկողությունը ընդլայնելու ծրագրերը։ Այս շաբաթվա սկզբին վարչապետը հանդիպել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի հետ։ Գործակալությունը գրել է, որ իսրայելցի պաշտոնյաները հանդիպումը բնութագրել են որպես լարված՝ նշելով, որ Զամիրը դեմ էր Գազայում գործողությունների ընդլայնմանը։ Իսրայելի զինված ուժերը ներկայումս վերահսկում են Գազայի հատվածի մոտ 75%-ը։
Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան զինված ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո։ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ երկրում հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ են վերցվել։ Վերջին տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդ պահել մոտ 50 մարդու, որոնցից մոտ 20-ը ողջ են։ Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով զոհվածների թիվը, ըստ Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների, գերազանցել է 61,000-ը։ Պաղեստինյան կողմը նաև հայտնում է գրեթե 200 մարդու՝ սովամահ լինելու մասին։