Դատարանը վեց ամսով երկարաձգել է ՌԴ մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործով մեղադրյալների կալանքը, հայտնում է «Կոմերսանտը»-ը։
Նշվում է, որ կալանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 7-ը։ Որոշումը վերաբերում է բոլոր 19 մեղադրյալներին, այդ թվում՝ ահաբեկչությունն իրականացրած 4 անձանց։
Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել էր 146 մարդ։
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել՝ Լիլիթ Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել այրվող շենքից և թունավորվել շմոլ գազից։






































