ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մեկնաբանել է ծանր հիվանդություններ ունեցող քաղաքացիների՝ բանակ զորակոչվելու հետ կապված իրավիճակը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 18-ամյա Ավետիք Մաթևոսյանը, որն, ըստ լրագրողների, սրտանոթային և նյարդաբանական խանգարումներ ունի, զորակոչվել է։ Ըստ հրապարակումների՝ նորակոչիկի վիճակը վատացել է զորամաս ժամանելու հաջորդ օրը։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում զինվորի հարազատները նշել էին, որ Մաթևոսյանն ուշաթափվել էր։
Ճեպազրույցի ժամանակ Մանասյանը նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կան խնդիրներ՝ նշելով, որ ՄԻՊ-ի թիմն իրենց առաջարկներն ուղարկել է Պաշտպանության նախարարություն։
«Այս դեպքում օրենսդրությունն ինքը սահմանում է, թե որ դեպքերում է ազատվում զինծառայությունից, որ դեպքում է ճանաչվում սահմանափակումով պիտանի։ Ես՝ որպես ՄԻՊ, ինչպես նաև աշխատակազմը՝ իմ անունից, պարբերաբար իրավական ակտերի նախագծերի հետ կապված կարծիքներ ներկայացնում ենք, այդ թվում՝ պահանջելով և առաջարկելով համագործակցել՝ բարելավելու այդ օրենսդրությունը։ Շատ դեպքերում մտահոգությունն ունենք և շատ ենք այցելում։ Բազմիցս տեսակետ ներկայացրել եմ, որ սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլ Զինված ուժերում ծառայության համար»,- նշել է Մանասյանը։
Պաշտպանը հույս ունի շարունակել քննարկումները և գտնել լուծում։ Նա նշել է, որ որոշ ժամանակ անց թույլատրեելի տեղեկությունը կկարողանա հանրայնացնել։