Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչը խիստ է արտահայտվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքների վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ կատարվում է Գազայում, արդարացում չունի։ Մարդկանց տառապանքն ու մարդկային արժանապատվության նվաստացումը վաղուց անցել են բոլոր թույլատրելի նորմերը՝ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական»,- նրա խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Սպոլյարիչի գնահատմամբ՝ Գազայի խաղաղ բնակչությանն «անխնա սպանում են ռազմական գործողությունների և սնունդ հայթայթելու փորձերի ժամանակ»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ վերջ դնել այդ ողբերգությանը։
Գազայի շարունակվող պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:
2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված մարդասիրական օգնություն չի մատակարարվում, Իսրայելի որոշմամբ փակվել են բոլոր անցակետերը։ Մայիսին, որպես այլընտրանք, հրեական պետությունը, ԱՄՆ-ի աջակցությամբ, պատրաստել էր նոր սխեմա, որը ենթադրում էր Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամին (GHF) փաստացի մենաշնորհային իրավունքների փոխանցում սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման կենտրոնների կազմակերպման համար:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ հուլիսի 21-ի դրությամբ 1054 մարդ է սպանվել Գազայում իսրայելցի զինվորականների կողմից պարենային օգնություն ստանալու փորձի ժամանակ: Հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 59 000-ի։