Հարավային Կովկասում նոր «անցումների և միջանցքների» ստեղծումը որևէ դեպքում չպետք է խախտի տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա ընդգծել է, որ նման հաղորդակցությունները չպետք է նաև փոխեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը։ Բաղային հիշեցրել է Թեհրանի դիրքորոշման մասին, որը «նպաստում է տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Իրանի և Հարավային Կովկասի պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գործընթացը, ապա կհայտնվի «տրանսպորտային և քաղաքական մեկուսացման» մեջ։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիներին հայկական կողմում չեն իրականացրել միջանցքի հետ կապված որևէ աշխատանք, և այդ հարցը «գիտակցաբար հանվում է օրակարգից»։
Մեկնաբանելով Ալիևի այդ և այլ հայտարարությունները՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել էր, որ Երևանը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը:
Ըստ Բաղդասարյանի՝ պաշտոնական Երևանը Բաքվի և միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ն ինքն է ապահովելու իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների և ուղևորների անվտանգությունը։