Հայաստանն ու Վրաստանն ստորագրել են երկու երկրներում անօրինական բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր, հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը նախատեսում է նման անձանց արտաքսում և հետագա վերադարձ հայրենիք։ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ժամանել է Թբիլիսի։ Նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՆԳ նախարար Գելա Գելաձեի հետ։
Վրացի նախարարի խոսքով՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված օպերատիվ կապը միջազգային հանցագործության դեմ ավելի արդյունավետ պայքարի ամենակարևոր գործիքն է։ Սարգսյանն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Գելաձեի ղեկավարության օրոք երկու մարմինների միջև հարաբերությունները կդառնան էլ ավելի սերտ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների գործունեության ոլորտի մի շարք ուղղություններ, որոնք գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։