Իսրայելը երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցնում Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող կառավարական զորքերին՝ հուլիսի 13-ին հիմնականում դրուզներով բնակեցված սիրիական Էս-Սուվեյդա նահանգում մարտերի սկսվելուց հետո, հայտնում է Reuters-ը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ իսրայելցի զինվորականներին հրահանգել են հարված հասցնել «ռեժիմի ուժերին» և զինամթերքին, որը հասցվել է Էս-Սուվեյդա՝ դրուզների դեմ օգտագործելու համար: Նրանք հայտարարել են, որ Էս-Սուվեյդայի շրջանում կառավարական ուժերի տեղակայումը Սիրիայի հարավն «ապառազմականացնելու» Իսրայելի քաղաքականության խախտում է:
AP-ն հայտնում է, որ նահանգում բախումներն ի սկզբանե բռնկվել են դրուզների և սուննի բեդուինյան կլանների զինված խմբերի միջև: Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ բեդուիններին ավելի ուշ աջակցել են կառավարական անվտանգության ուժերի որոշ աշխատակիցներ: Սիրիայի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ գրեթե 100-ը: Մոնիթորինգային կենտրոնը հայտնել է առնվազն 99 զոհի մասին, այդ թվում՝ երկու երեխա, երկու կին և անվտանգության ուժերի 14 աշխատակից:
2024 թվականի դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի անկման ֆոնին զորքեր էր տեղակայել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների մոտ գտնվող բուֆերային գոտում, իսկ ավելի ուշ դուրս մղվել դրա սահմաններից։ Ավելի ուշ Իսրայելը պահանջել էր ապառազմականացնել Սիրիայի հարավային շրջանները։
2025 թվականի ապրիլին Իսրայելի կառավարությունը հաստատել էր Սիրիայի արևմուտքում ալավիների վրա մի շարք հարձակումներից հետո սիրիացի դրուզներին պաշտպանելու իր խոստումը։ Ապրիլի վերջին իսրայելցի զինվորականները հարվածներ էին հասցրել Սիրիայի կառավարական ուժերին Դամասկոսի շրջանում դրուզների և սուննիների միջև բախումների սկսվելուց հետո: