Սիրիական Քեսաբի հայ բնակիչներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, որը շատ մոտեցել էր իրենց գյուղերին և հասել մինչև Տյուզախաչ գյուղ, հայտնում է տեղական «Գանձասար» թերթը։
Դեպքի վայրում գտնվող երիտասարդները համագործակցել են հրշեջների և քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ, մասնավորապես՝ տարածքի մասին տեղեկատվություն փոխանցելով, օգնություն ցուցաբերելով և համատեղ հետ մղելով կրակը։
Հրդեհը լիովին մարել չի հաջողվել, սակայն կանխվել է տարածումը։ Բնակիչները վերադարձել են իրենց սովորական բերքահավաքի աշխատանքներին, ասվում է հաղորդագրության մեջ։
Լարված գիշերվանից հետո գյուղի տներն ու այգիները մնացել են անվտանգ։ Տյուզախաչում մարդկային կամ նյութական կորուստներ չկան։
Սիրիայի ափամերձ շրջաններում անտառային հրդեհները, որոնք արդեն ծածկել են ավելի քան 14 հազար հեկտար տարածք, հուլիսի 12-ին մոտեցել էին Լաթաքիայի հայաբնակ բնակավայրերին։